ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Հուլիսմեկյան հանդիպումը նախանշված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վերջին` 3-րդ հանդիպումը ևս կայացել էր Վիեննայում։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին` Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում, իսկ առաջին հանդիպումը` հունվարի 14–ին Մոսկվայում։