Դրսևորել եք բացահայտ կանխակալություն. Փաշինյանի գործը քննող դատավորն ինքնաբացարկ չհայտնեց

Զոհվածների իրավահաջորդների փաստաբանը կարծում է, որ հարուցված քրգործով դատավորը կանխակալ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։
Մինչ այդ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել էր դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը` մանրամասնելով հիմքերը։
«Դուք, մեր միջնորդությունները անհիմն մերժելով, դրսևորել եք բացահայտ կանխակալություն։ Օրինակ`Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն գործելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մեր միջնորդությունը մերժեցիք»,–ասաց Մարտիրոսյանը։
Դատավորը, սակայն, մերժեց միջնորդությունը։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործը նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։
Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին