«Օրինակ` ԱԺ-ի կողմից հայտարարված չէ պատերազմ, բայց հայտարարված է ռազմական դրություն, կամ կառավարության կողմից որոշում է կայացված զինված ուժերի կիրառման վերաբերյալ՝ ԶՈւ կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով: Ստացվում է, որ խաղաղ պայմաններում նախարարը հիմնական պատասխանատվություն է կրում պատերազմին նախապատրաստվելու համար, իսկ վճռական պահին դուրս է մղվում ռազմական հրաման տալու շղթայից, և դա այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորումներով լիազորված է ԶՈւ կիրառման պլանի համակարգման համար»,- գրել է Տոնոյանը։
ՊՆ նախկին ղեկավարը գրել է, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսված օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի բ/ կետն իր տեղում չէ (Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է ՀՀ պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում՝ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում որոշումներ է կայացնում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով զինված ուժերի կիրառման մասին), քանի որ ԶՈւ կիրառումը չի վերաբերում միայն զորահավաքային նախապատրաստմանը և զորահավաքի բնագավառին: Տոնոյանը կարծում է, որ այն անհրաժեշտ է առանձին կետով սահմանել: