Չլսող մարդիկ լուրջ խնդիրների են բախվում Հայաստանում․ ժեստերի լեզվի թարգմանիչների պակաս կա

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար հաղորդակցվելը հատուկ կրթահամալիրից դուրս դառնում է անհնար, քանի որ ժեստերի լեզվին տիրապետում են շատ քչերը։ Կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ ասել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից։
«Բուհերում, օրինակ, լսողության խանգարում ունեցող երեխաները հաղորդակցվելու են ժեստերի լեզվով, սակայն այստեղ մեծ խնդրի են բախվում, քանի որ այդ հաստատություններում, ցավոք, չկան համապատասխան մասնագետներ»,- ասել է Բաբայանը։
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկմանը:
Միաժամանակ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Ադրեասյանն էլ պատրաստակամություն է հայտնել ավելի մանրամասն ծանոթանալու առկա խնդիրներին ու մասնագետների հետ միասին լուծումներ գտնելու դրանց։
«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպումը կարևոր թեմա է, որը մեր նախարարության ուշադրության առանցքում է: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք փոքր փոփոխություններով որակական մեծ հաջողություններ գրանցել, օգնել լսողական խանգարում ունեցող երեխաներին ստանալ մասնագիտական կրթություն: Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչներ պատրաստելու համար, կարծում եմ, կարելի է սկսել ոչ ֆորմալ կրթության ձևաչափից»,- նշել է Անդրեասյանը:
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկմանը:
Չլսող մարդկանց լիարժեք հաղորդակցման անջրպետը հաղթահարելու առաջին լուծումը, ըստ մասնագետների, ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպումն է: Հայաստանում նման մասնագետների թիվը փոքր է, քանի որ մասնագիտական կրթություն ապահովող միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր չկան։ Նշվում է նաև, որ չկա մեկ միասնական լեզու․ հայերեն ժեստերի լեզուն աշխարհում այսօր օգտագործվող այդպիսի 300 լեզուներից մեկն է, ինչն էլ հաղորդակցման լուրջ խնդիր է առաջացնում։
Քննարկմանը ներկա մասնագետները բարձրացրել են նաև Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սուրդոթարգմանիչներ պատրաստող կրթական ծրագիր ներդնելու հարցը։