ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Արամ Մանուկյանի անվան վարժարանում այսօր բացված ճամբարում 11-րդցիները ռազմական գործ, առաջին բուժօգնություն, ինժեներական աշխատանքներ, տեղագրություն և այլ հմտություններ են սովորելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` նշելով, որ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Արամ Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված վարժարան, որտեղ տեղի է ունեցել ռազմամարզական ճամբարի բացումը:
«Այստեղ ձեռք եք բերելու այնպիսի հմտություններ, որոնք ապագայում ձեզ հնարավորություն են ընձեռելու ավելի հեշտությամբ հաղթահարել խոչընդոտները և վստահ քայլել դեպի առաջ», - ասել է Դումանյանը։
Ռազմամարզական ճամբարի նպատակը ՆԶՊ առարկայի շրջանակում ձեռք բերած տեսական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելն է և գործնական պարապմունքներով ամրապնդելը։
Տավուշի մարզի Աղավնավան գյուղի աշակերտ Արամայիս Վարդանյանը վստահ է, որ ճամբարում ստացած ռազմական գիտելիքներն իրեն օգնելու են ավելի հեշտ հարմարվել զինվորական կյանքին. «Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում մենք ծանոթանալու ենք բանակային կյանքին, սովորելու ենք լինել առավել կարգապահ և պատասխանատու»:
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանն էլ իր հերթին նշել է, որ ճամբարի առօրյան ընթանում է բանակային օրվա նմանությամբ, ծրագրում ներառված են նաև հանգստի ու մշակութային ժամեր: Նրա խոսքով` այժմ ծրագիրը փորձարկումների փուլում է և, արդյունքներով պայմանավորված, կլրամշակվի։
Հավելենք, որ ճամբարին այս տարի մասնակցելու են շուրջ 700 սովորողներ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Sputnik Արմենիան այցելել էր ճամբար, ծանոթացել աշակերտների առօրյային։