ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության նկատմամբ (ԱԴԾ): Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած փաստաթղթին:
«Պետդեպարտամենտը Ռուսաստանի ԱԴԾ-ի հանդեպ պատժամիջոցներ է սահմանել, քանի որ ծառայությունը Ռուսաստանի Դաշնության կառավարության քաղաքական ստորաբաժանումն է, գործակալությունը կամ գործիքը։ Հենց սկզբից, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, հավաստի աղբյուրները հայտնում էին, որ ԱԴԾ–ն մասնակցել է մարդու իրավունքների խախտումներին և Ուկրաինայի քաղաքացիների վրա իրագործված հարձակումներին», - նշված է հաղորդագրությունում։
Սահմանված պատժամիջոցների հետևանքով ԱԴԾ-ի ամբողջ սեփականությունն ու ակտիվները ԱՄՆ-ում գտնվելու կամ ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող անձանց վերահսկողության տակ գտնվելու դեպքում կարգելափակվեն: Ցանկացած կազմակերպություն, որի 50%-ը կամ ավելին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում է պատժամիջոցների տակ գտնվող անձանց, նույնպես արգելափակվում է:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 125-րդ օրը։