ԱՄՆ-ն արգելել է ռուսական ոսկու ներմուծումը

Ոսկու ձուլակտորներ
Արգելքը չի տարածվում այն ոսկու վրա, որն այս պահին Ռուսաստանի սահմաններից դուրս է գտնվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն արգելել է ռուսական ոսկու ներմուծումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը:
«Ռուսական ծագման ոսկու ներմուծումը Միացյալ Նահանգներ արգելված է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ եթե առկա է ԱՄՆ ֆինանսների նախարարության (OFAC) օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության կողմից տրված արտոնագիր», - նշված է փաստաթղթում։
Արգելքը չի տարածվում Ռուսաստանի Դաշնությունից արտահանված այն ոսկու վրա, որն արգելքի ուժի մեջ մտնելու պահին Ռուսաստանի սահմաններից դուրս է գտնվում:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը առևտրային գործառնություններ իրականացնելու, պարտքային պարտավորությունների կամ կապիտալի փոխանցման արտոնագիր է տվել «Սևերստալ» և «Nord Gold» ընկերությունների հետ պայմանագրերն աստիճանաբար վերացնելու նպատակով։ Այս ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել 2022 թվականի հունիսի 2-ին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 125-րդ օրը։