ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, որի եղբոր անունը շոշափվում է Ապարանում 3 անձանց կյանք խլած կրակոցների միջադեպի շրջանակներում, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ իր եղբայրը նախաքննական մարմին չի հրավիրվել, քննչական որևէ գործողության չի մասնակցել։
«Ես ինքս խորապես շահագրգռված եմ, որ այս ամենը բացահայտվի, ինքս ինչով կարողանալու եմ, օգնելու եմ, որ բացահայտվի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինձ համար ևս այս ամենը շատ ցավալի է»,- ասաց պատգամավորը։
Ասատրյանն իր ընտանիքի շուրջ բարձրացած աղմուկի համար մեղադրում է լրատվամիջոցներին` ասելով, որ նախնական փուլում իրեն, ապա իր հարազատներին ներքաշել են այդ պատմության մեջ, սարքել քաղաքական հարց։
«Ես պնդում եմ, որ ո՛չ ես, ո՛չ իմ հարազատներից որևիցե մեկը կապ չունեն տվյալ դեպքի թե՛ նախորդող ու թե՛ հաջորդող հարցերի հետ»,- ասաց պատգամավորը` միաժամանակ, սակայն, չհերքելով, որ դեպքին նախորդած օրն իր եղբայրը եղել է գազալցակայանի տարածքում, որտեղ վիճաբանություն էր ծագել երկու կողմերի միջև։
«Դա գազալցակայան է, ցանկացածս կարող ենք լինել այնտեղ։ Դրա տեսագրությունն էլ կա։ Քննչական մարմինը կհրապարակի, ու դուք կտեսնեք, որ այնտեղ ծեծկռտուք չի եղել, առավել ևս` իմ եղբոր մասնակցությամբ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ինքը թեև տեղում չի եղել, բայց այդ մասին լսել է ներկաներից ու հավատում է նրանց ասածներին։
Հիշեցնենք` հունիսի 25-ին Ապարանի կրակոցների հետևանքով մահացածների ու տուժածների հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել ու պահանջում էին պատասխանատվության ենթարկել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, նրա հորեղբոր որդուն` Ռոման Փարվանյանին, հորաքրոջ որդի Կառլեն Ղարիբյանին, ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանին ու նրա եղբորորդուն, որն Ապարանում հայտնի է որպես «Գռզո»։
Ակցիայի մասնակիցների համոզմամբ` նրանք ուղիղ կապ են ունեցել կատարված ոճրագործության հետ։ Նրանց խոսքով` պատգամավորի եղբայրը վիճաբանության օրը ներկա է եղել փոխմարզպետ Էդգար Փարվանյանին պատկանող գազալցակայանում։
Հարազատների պնդմամբ` վիճաբանությունից մեկ օր անց մարզպետի հորեղբոր որդին` Ռոման Փարվանյանը, որն Ապարանում հայտնի է որպես «հարց լուծող», զանգահարել է միջադեպի բոլոր մասնակիցներին և պարզաբանման համար կանչել գազալցակայան։
Ի դեպ, հարազատները նաև պնդում էին, որ դեպքի օրվա տեսագրությունը, որի մասին այսօր ճեպազրույցում հիշատակեց նաև ՔՊ-ական պատգամավորը, գործի նյութերին կցված չէ։ Նրանց խոսքով` այն Փարվանյաններին պատկանող գազալցակայանից անհետացել է։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձինք՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, բժշկական կենտրոններ են տեղափոխվել ևս 5 մարդ։ Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ «Աստղիկ» ԲԿ-ում մահացած Տիգրան Հարությունյանը Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից է։ 28-ամյա Տիգրանն աշխատում էր «Գնթունիք» սուպերմարկետում։