Հանրահայտ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը Երևանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ Զինվորի տուն։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և տեսանյութեր հրապարակել։
Մուրադյանը սկզբում ներկայացրել է Զինվորի տան ստեղծման պատմությունը, ապա ներս են մտել ու Սպիվակովի հետ շրջել կենտրոնում։ Մաեստրոն ուսումնասիրել է, թե ինչ սարքերով են տղաները բուժում ստանում, ծանոթացել ու մի քանիսի հետ նաև զրուցել։
Հանգստի սենյակում նա հանդիպել է Արցախյան 44-օրյա պատերազմում 32 մարտի մասնակցած ու ոտքի հատվածում վիրավորում ստացած Հարություն Թումասյանի հետ։ Հարութը դաշնամուր էր նվագում, և Սպիվակովը հետաքրքրվել է, թե արդյոք նոտաները գիտի՞, քանի որ առանց դրանց էր նվագում։
«Նոտաները կարդալ չգիտեմ, սովորում եմ»,- ասել է Հարութը։
Մաեստրոն էլ շեշտել է. «Քեզ մոտ ամեն ինչ կստացվի, շարունակի՛ր»։
Ծնունդով Էջմիածնից Հարութը Հայաստան է եկել Ուկրաինայի Դոնեցկ քաղաքից, որտեղ ապրել է 1 տարեկանից։