ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները Մադրիդում կհայտարարեն Ուկրաինայի համար օգնության համալիր փաթեթի մասին։ Լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Գագաթնաժողովում մենք կհամաձայնեցնենք Ուկրաինայի համար նախատեսված օգնության միջոցների համալիր փաթեթը»,- ասել է նա:
Ստոլտենբերգի խոսքով` խոսքը վերաբերում է կապի համակարգերին, անօդաչուների դեմ պայքարի միջոցներին, վառելիքին:
«Երկարաժամկետ հեռանկարում մենք կօգնենք Ուկրաինային խորհրդային դարաշրջանի սպառազինությունից անցնել ՆԱՏՕ-ի ժամանակակից սպառազինությանը»,- հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 28-30-ը Մադրիդում։ Հանդիպման մասնակիցները մտադիր են հայտարարել, որ Ռուսաստանը դաշինքի համար այլևս գործընկեր չէ, այլ խաղաղության և կայունության սպառնալիք։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։