ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Հունական կողմը Twetter-ում հայտնում է, որ Միրզոյանն արդեն հանդիպել է նաև Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։
Հաղորդագրության համաձայն` երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ԵՄ–ի հարցերով համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Նիկոս Դենդիասը տեղեկացնում է նաև, որ հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը վերահաստատել են հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու ամուր պատմական կապերը։ Հարաբերությունների օրակարգում քննարկել են սփյուռքի հարցերը, կովկասյան տարածաշրջանում զարգացումները։
Հայտնի է, որ մինչ այդ Միրզոյանն Աթենքում հանդիպել է նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:
Հանդիպումների մանրամասները Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի հաղորդում։