ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն ստուգում է անցկացրել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություններում ներգրավված ռուսական զորամիավորումում և լսել գործողությունների հիմնական ուղղություններով ընթացիկ իրավիճակի վերաբերյալ հրամանատարների զեկույցները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել մարտական գործողությունների համակողմանի ապահովման կազմակերպման հարցերին, ինչպես նաև ՌԴ զինծառայողների համար տեղակայման ժամանակավոր կետերում կենցաղային անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծմանը։
Սերգեյ Շոյգուն հատուկ գործողությունների ժամանակ աչքի ընկած ՌԴ զինծառայողներին նաև պետական պարգևներ է հանձնել՝ ՌԴ հերոսի «Ոսկե Աստղ» մեդալներ և Արիության շքանշաններ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 123-րդ օրը։