ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի բասկետբոլի հավաքականը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Sada Cup միջազգային մրցաշարի վերջին՝ 3-րդ խաղում մրցեց Սիրիայի թիմի հետ և 57-59 հաշվով պարտություն կրեց։
Հայաստան-Սիրիա հանդիպմանը չէր մասնակցում Անդրե Սփայթ Մկրտչյանը: Նախորդ՝ Հայաստան-Իրան հանդիպման լավագույն խաղացողը թիմի ելույթին հետևում էր պահեստայինների նստարանից:
Սա Հայաստանի վերջին խաղն էր SADA Cup-ում: Հաղթող դարձավ Իրանի հավաքականը։
Հունիսի 23-ից Երևանում անցկացված բասկետբոլի միջազգային մրցաշարում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմն անցկացրեց երեք հանդիպում: Մեկնարկային խաղում 94:59 հաշվով հաղթեց «Թիմ ԱՄՆ»-ին, երկրորդ խաղում 77:73 հաշվով հաղթանակ տարավ Իրանի հավաքականի նկատմամբ: SADA Cup-ին մասնակցում էր 4 թիմ՝ Հայաստան, Սիրիա, Իրան և «Թիմ ԱՄՆ»:
Հայաստանի հավաքականը Ռեքս Կալամյանի գլխավորությամբ հունիսի 27-ին կմեկնի Մալթա, որտեղ հունիսի 28-ից հուլիսի 3-ը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: