Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և հայրենիքին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին Երախտագիտության մեդալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման գործում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի բակում հունիսի 25-ին տեղի ունեցած՝ Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը։
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Շնորհավորելով հոբելյանի առիթով, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, կարևոր ազգային խնդիրների լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայության ներգաղթի կազմակերպման և այլ համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը:
«Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի կուսակցական այնպիսի անհատներ, ինչպիսիք էին՝ Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը, Միհրան Տամատյանը և այլոք:
Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել իր կենսունակությունը:
Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում»,-մասնավորապես նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը երկարամյա հայրենանվեր գործունեության համար պարգևատրել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին Երախտագիտության մեդալով, նշելով, որ այն ՌԱԿ կատարած աշխատանքի գնահատանքն է ՀՀ իշխանությունների կողմից: