ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է այն տեղեկությունը, որ G7-ի երկրները արգելք կսահմանեն ՌԴ-ից ոսկի ներմուծելու համար։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Twitter-ի իր էջում։
«G7-ը կհայտարարի ռուսական ոսկու ներմուծման արգելքի մասին, ոսկու, որը կազմում է Ռուսաստանին տասնյակ միլիարդավոր դոլարներ բերող արտահանման մեծ մասը»,- գրել է Բայդենը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան և Ճապոնիան կարգելեն ՌԴ-ից ոսկու ներմուծումը։ Այս պատժամիջոցները կտարածվեն արգելքից հետո արդյունահանած ոսկու վրա և չեն տարածվի արդեն իսկ գնվածի վրա։
Գերմանիայի նախագահությամբ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովն անցկացվում է հունիսի 26-28-ը Բավարիայի Էլմաու դղյակում։
Արևմտյան երկրները ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայում սկսած հատուկ գործողությունների պատճառով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ առիթով հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, պատժամիջոցներն էլ լուրջ հարված են հասցրել համաշխարհային ամբողջ տնտեսությանը։