ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Տոկիոյում արևահարման կասկածով 62 մարդ է հոսպիտալացվել, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NHK հեռուստաալիքին։
Կեսօրին Տոկիոյում օդի ջերմաստիճանը հասել է 35,4 աստիճանի։ Սա հունիսի 25-ի համար Ճապոնիայում ամենաբարձր ցուցանիշն է՝ սկսած 1875 թվականից, երբ այդ երկրում սկսել են օդերևութաբանական դիտարկումներ կատարել։
Գունմա պրեֆեկտուրայի Իսեսակի քաղաքում ջերմաստիճանը հասել է 40,2 աստիճանի:
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը վեց պրեֆեկտուրաների բնակիչներին նախազգուշացրել է արևահարման վտանգի մասին՝ կոչ անելով զգուշություն ցուցաբերել: Մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ առանց հատուկ կարիքների փողոց դուրս գալուց և սպորտով զբաղվելուց, հորդորում են միացնել օդորակիչները, շատ ջուր խմել, իսկ մոտակայքում անծանոթ մարդկանց բացակայության դեպքում հանել բժշկական դիմակները։