Սարգսյանը մերժել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը

Սերժ Սարգսյան
Նիստին ներկա չեն եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյանը, Գարեգին Երկրորդը, գործարարներ Սամվել Կարապետյանն ու Էդուարդո Էռնեկյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն է հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Տեղեկությունը հայտնում է երրորդ նախագահի գրասենյակը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը կայացել է այսօր ՀՀ նախագահի նստավայրում:
Պետք է զերծ լինի քաղաքական որևէ շահարկումից. ՀՀ նախագահը` «Հայաստան» հիմնադրամի մասին
Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և այլք։
Նիստին ներկա չեն եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն ու արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։
Երեկ` հունիսի 24-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում` հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի պատճառով։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Այս կառույցը հիմնադրվել է մի նպատակով` ստեղծել համահայկական ցանց, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է:
Հիմնադրամի կանոնադրության համաձայն` ՀՀ նախագահն ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմի անդամները 30-ն են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը և այլք։