ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Լվովում տեղակայված տարածքային պաշտպանության գումարտակի զինծառայողները հրաժարվել են մեկնել Դոնբաս։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Լվովում տեղակայված տարածքային պաշտպանության 103-րդ բրիգադի 64-րդ գումարտակի անձնակազմը հրաժարվել է մեկնել Դոնբասի մարտական գործողությունների շրջան չնախապատրաստված պահեստազորայիններով համալրման և ծանր սպառազինության բացակայության պատճառով»,- ասել է գեներալ-լեյտենանտը:
Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում պնդումներ կային ուկրաինացի զինվորականների դասալքության զանգվածային դեպքերի մասին: Վերջին դեպքերից մեկը գրանցվել է Դոնբասի Ալեքսանդրապոլ բնակավայրի շրջանում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի 25-րդ բրիգադի ավելի քան 30 զինծառայողներ, զենքը նետելով, ինքնակամ հեռացել են դիրքերից։
Դրանից առաջ՝ հունիսի 22-ին, ռուսական գերատեսչությունը հայտնել էր, որ 57-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկները, որոնք պաշտպանվում էին Լուգանսկի մոտ գտնվող Գորսկոյե, Պոդլեսնոյե և Վրուբովկա բնակավայրերի մերձակայքում, հրաժարվել են կատարել հրամանները, երբ ստորաբաժանումը կորցրել է անձնակազմի ավելի քան 60 տոկոսը:
Նախարարությունում նշել են, որ Ուկրաինայի հրամանատարությունը կորուստները լրացնելու համար ստիպված է առանձին հրաձգային գումարտակներ ձևավորել չնախապատրաստված քաղաքացիներից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 122-րդ օրը։