ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Օսլոյում տեղի ունեցած հրաձգության կասկածյալը Նորվեգիայի քաղաքացի է։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ողբերգական դեպքից հետո հրավիրված ասուլիսում այդ մասին ասել է ոստիկանության ներկայացուցիչ Քրիստիան Հաթլոն։
«Կասկածյալը Նորվեգիայի քաղաքացի է, ծագումով՝ Իրանից։ Նա մեղադրվում է սպանության, մահափորձի և ահաբեկչության կազմակերպման մեջ»,- ասել է Հաթլոն։
Ոստիկանության ներկայացուցիչն ընդգծել է, որ դրանք նախնական մեղադրանքներ են, քննության ընթացքում կարող են փոխվել: Բացի այդ, ենթադրվում է, որ կրակողը միայնակ է գործել։
Ոստիկանությունը չի բացառում նաև, որ կասկածյալը կարող է հոգեկան խանգարում ունենալ։
«Մենք ստիպված կլինենք ուսումնասիրել նրա հիվանդության պատմությունը, եթե այդպիսին կա»,- ասել է նա։
Ոստիկանությունը դիտարկում է նաև ահաբեկչության վարկածը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան Օսլոյում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է մահացել: Ճշտված տվյալներով՝ տուժել է 21 մարդ, նրանցից 11-ը թեթև վնասվածքներ են ստացել, երեքը ծանր վիճակում են։
«Հիմքեր կան ենթադրելու, որ խոսքը ատելության հողի վրա կատարված հանցագործության մասին է։ Սա ենթադրություններից մեկն է»,- հավելել է Հաթլոն։
Հայտնի է նաև, որ կասկածյալը 42 տարեկան է, նախկինում հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում: Ոստիկանությունը տղամարդուց ինքնաձիգ ու ատրճանակ է առգրավել։