ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Աշխատանքային այցով Գերմանիայում գտվող արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ուսումնասիրում է քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների վերաբերյալ գերմանական փորձը։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Հայաստանում կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկը նախագծման փուլում է։
Այցի ընթացքում փոխնախարարը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի հետ։
Պատվիրակությունն այցելել է Կառլսռուհեի, Օֆֆենբուրգի, Շտուտգարտի քրեակատարողական հիմնարկներ, ծանոթացել դրանց ենթակառուցվածքներին, ուսումնասիրել շինարարական լուծումները, որոնք ծառայում են վերասոցիալականացման գաղափարին։
Պատվիրակությունն այցելել է նաև Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի քրեակատարողական համակարգի կրթական կենտրոն և ծանոթացել քրեակատարողական ծառայողների պատրաստման և վերապատրաստման մոդելներին։
Այցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու արդյունավետ համագործակցությունը Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման շրջանակներում։