Ավտովթար Սյունիքում. 18-ամյա վարորդը տեղում մահացել է, ուղևորների վիճակը ծայրահեղ ծանր է

Շտապօգնության ավտոմեքենա
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին։ Տուժածները 16 և 19 տարեկան են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին երեկ ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է հունիսի 23-ին` ժամը 22:55-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Toyota Hilux» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Զ., ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին։ Վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ռ. Ս.-ն (ծնված 2006 թ․) և Վ. Վ.-ն (ծնված 2003 թ․)՝ տեղափոխվել Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Արմավիրի մարզում մեքենա է պայթել. մեկ մարդ մահացել է