ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների նիստում Արթուր Դավթյանը խոսել է «փողերի լվացման» մասին

Արթուր Դավթյան
Արթուր Դավթյանը, չնայած «փողերի լվացման» դեմ պայքարի դրական միտումներին, արդյունքները գոհացուցիչ չի համարվում` հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մեծավ մասամբ դուրս է բերվում երկրից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում` ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստում, ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն ու դրանց արդյունքները։
ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստը Մինսկում
Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դավթյանն ընդգծել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման դեմ պայքարը, դրանց օրինական տնտեսական շրջանառություն վերադարձնելու խնդիրը ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից է:
«ՀՀ իրավասու մարմիններում քննվող այս բնույթի հանցագործության դեպքերի քանակը 2017թ. համեմատ 2021թ. ավելացել է 5 անգամ»,- նշել է Դավթյանն ու ընդգծել, որ չնայած նման դրական միտումներին, արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն համարվում` հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը մեծավ մասամբ դուրս է բերվում երկրից:
ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստի մասնակիցները Մինսկում
Նրա կարծիքով` հիմնական խնդիրները կապված են տարբեր երկրներում գործող իրավակարգավորումների, բանկային տվյալների պաշտպանության կառուցակարգերի տարբերություններով, որոնք թույլ չեն տալիս ամբողջ ծավալով կատարելու քննչական հարցումները:
Դավթյանն անհրաժեշտ է համարել «փողերի լվացման» երևույթի դեմ պայքարի միասնական իրավական սկզբունքների մշակումն ու գործարկումը, միջազգային համագործակցության անկախ իրավական հարթակների ստեղծումը՝ այդ թվում նաև ԱՊՀ շրջանակում:
Նշենք, որ Հայաստանը միացել է հանցավոր ճանապարհով գույքի և եկամուտների ձեռքբերման, «լվացման», հայտնաբերման և բռնագանձման վերաբերյալ միջազգային բոլոր կոնվենցիաներին, լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակով ներգրավված է այս հանցատեսակի դեմ պայքարի մի քանի միջազգային հարթակներում: