ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱՄՆ առևտրի նախարարությունը հետ է կանչել ռուսական Nordwind Airlines, «Պոբեդա» և S7 ավիաընկերությունների արտահանման արտոնությունները։ Այս մասին, ամերիկյան գերատեսչության մամուլի ծառայությանը հղում անելով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ այս ընկերությունները համալրել են իրավաբանական այն անձանց ցանկը, որոնցից արտոնությունները ժամանակավոր հետ են կանչվել արտահանման սահմանափակումները խախտելու հիմքով։
Որոշումը կգործի 180 օր, բայց կարող է երկարացվել։
ԱՄՆ առևտրի նախարարությունը մայիսի վերջին հետ էր կանչել «Ռոսիա» ավիաընկերության արտահանման արտոնությունները ՌԴ–ի դեմ սահմանված արտահանման սահմանափակումները խախտելու պատճառով։
Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ԱՄՆ առևտրի նախարարությունը խստացրել է վերահսկողությունը ՌԴ ուղղվող ավիացիոն ապրանքների նկատմամբ, ինչպես նաև նոր պահանջներ սահմանել կոնկրետ ինքնաթիռների կամ պահեստամասերի լիցենզավորման հետ կապված։ Հունիսին նմանատիպ միջոցներ էին կիրառվել Բելառուսի դեմ` ՌԴ հատուկ գործողություններին նրան վերագրվող աջակցության համար։