Նոր Նորքի նոր ղեկավարը առքուվաճառքի սիրահար է` «ջրի գնով» մեքենաներ է գնել. «Ժողովուրդ»

Թե ինչպես է ՊԵԿ նախկին պաշտոնյան հաջողացրել «ջրի գնով» ավտոմեքենաներ գնել, հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանը մինչ այս ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բացի այդ, զբաղվել է մեքենաների առքուվաճառքով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նորք-Մարաշ վարչական շրջանի նոր ղեկավարին
Մասնավորապես, Մհերյանը զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալի պաշտոնը:
«Արմեն Մհերյանը, պարզվում է, սեր ունի ավտոմեքենա գնելու և վաճառելու հետ, համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում նրա՝ 2021 թվականի ունեցվածքի ու գույքի տարեկան հայտարարագրից: Մհերյանը նախորդ տարի միայն 3 ավտոմեքենա է վաճառել»,–գրում է օրաթերթը:
Ըստ պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրի՝ նա վաճառել է 2017 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա 14 հազար դոլարով: Բացի այդ, նա 1 մլն 950 հազար դրամով վաճառել է 2014 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա և 14 հազար 500 դոլարով՝ 2012 թվականի արտադրության Ford:
«Մհերյանն անցյալ տարի գնել է 2018 թվականի արտադրության Ford 3 մլն դրամով, Vaz` 50 հազար դրամով, Tօyota` 100 հազար դրամով: Թե ինչպես է պաշտոնյան հաջողեցրել 100 հազար դրամով կամ 50 հազար դրամով ավտոմեքենա գնել, հայտնի չէ»,–գրում է թերթը:
Ըստ օրաթերթի` Մհերյանը 2019 թվականին Արաբկիր վարչական շրջանում մեկ բնակարան և մեկ ավտոտնակ է գնել, նաև մեկ ավտոտնակ նա ունի Նոր Նորքում:
Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2013 դոլար, իսկ կանխիկ գումար ունեցել է 2 մլն դրամի և 32 հազար դոլարի չափով:
Նշենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին` Արմեն Մհերյանին:
Սիրով եմ կատարել իմ աշխատանքը. Նոր Նորքի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները