ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մեքենայի պայթյունը, որի հետևանքով մեկ անձ մահացել էր, կազմակերպված է եղել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել դեպքի մասին։
Հայտնել էինք, որ այսօր ժամը 11:30-ին Գետափի փողոցում ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով մի տղամարդ է հոսպիտալացվել և հիվանդանոցում մահացել։
«Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, 35-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս «Վազ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք: Հունիսի 23-ին` ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ, պայթուցիկ սարքը գործի է դրվել և պայթել, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ ժամը 12:05-ին մահացել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով։