ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հունիսի 3-ին Պռոշյան փողոցում ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գրության մեջ նշված է` ստացվել է իմ գրությունն այն մասին, որ 2022 թվականի հունիսի 3-ին ոստիկանության ծառայողներն առանց նախազգուշացման կիրառել են ժամկետն անցած հատուկ միջոցներ, որի հետևանքով տարբեր քաղաքացիներ ստացել են բեկորային վնասվածքներ»,– նշել է Թովմասյանը։
Նա գրել է նաև, որ դեպքի առթիվ մինչ այս դիմել էր գլխավոր դատախազին, և հենց այդ գրության հիման վրա են նյութեր նախապատրաստել ու քրգործ հարուցել։
«ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությամբ մեջ եմ բերել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։ Մասնավորապես` ոստիկանությունը հատուկ միջոցներ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել հավաքին մասնակցող քաղաքացիներին դրանց գործադրման մասին։ Գլխավոր դատախազին էի ներկայացրել նաև բոլոր այն մտահոգությունները, որ ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանիության ժամկետը լրացած է եղել»,– գրել է Թովմասյանը։
Պատգամավորն ընդգծել է, որ 2017 թվականից հետո «Սվիրել» տեսակի լուսաձայնային նռնակ ձեռք չի բերվել, իսկ դրանց պիտանիության ժամկետն ընդամենը 4 տարի է։
Նա շեշտել է, որ հետևողական է լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով:
Հիշեցնենք` Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հունիսի 3-ին խաղաղ հավաքի մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև բախումներ տեղի ունեցան, այդ օրը ոստիկանությունն ուժ և լուսաձայնային նռնակներ կիրառեց «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։ Վնասվածքներ էին ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ ոստիկանները։