ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ուկրաինացի ուժայինները սադրանք են իրականացրել Ավդեևկայում, հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«ԴԺՀ-ի Ավդեևկա բնակավայրում ՈւԶՈւ-ի տեղեկատվական-հոգեբանական գործողությունների կենտրոնի մասնագետների կողմից հերթական սադրանքն է իրականացվել՝ Ռուսաստանի Զինված ուժերին քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները ոչնչացնելու համար մեղադրելու նպատակով. ազգայնականները պայթեցրել են հանրակրթական դպրոցի շենքը և շինծու լուսանկարներ ու տեսանյութեր են տարածել ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ներում»,-ասել է նա։
Միզինցևը միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին նախազգուշացրել է մեկ այլ անմարդկային սադրանքի մասին, որը պատրաստել են ուկրաինական իշխանությունները ԴԺՀ-ում: Գեներալն ընդգծել է, որ դրա համար նույնպես նախատեսվում է մեղադրել ՌԴ ԶՈՒ-ին։
«Կրամատորսկի շրջանի Սլավյանսկ բնակավայրում ուկրաինական զինված կազմավորումների գրոհայինները ականապատել են M-03 մայրուղուն հարող ավտոճանապարհի եզրագծերը, ընդ որում՝ տեղի բնակչությունը միտումնավոր կերպով չի տեղեկացվել»,- հայտարարել է նա:
Միզինցևն ընդգծել է, որ հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն հարվածներ չի հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին և բացառապես մարդասիրաբար է վերաբերվում խաղաղ բնակչությանը։
Ուկրաինացի ազգայնականները Օդեսայի մարզի Դաչնոյե գյուղի մշակույթի տանը և գիմնազիայում հենակետեր են տեղակայել, շարունակել է գեներալը:
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Լիսիչանսկ բնակավայրում, կաթի գործարանի տարածքում, ուկրաինական զինված կազմավորումների ազգայնականները սարքավորել են զորանոցներ, կրակային դիրքեր և սպառազինության պահեստներ, իսկ հարակից տարածքում տեղակայված են արևմտյան արտադրության զրահատեխնիկա և հրետանային գործիքներ»,- նշել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 119-րդ օրը։