Ծնողն իր 22-ամյա դստեր և 18-ամյա որդու հետ շուրջ 50 անձի խաբել և գումարներ է կորզել

Թղթադրամ
Ծնողն ու դուստրը կալանավորվել են, իսկ որդին ազատության մեջ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Երևանի 54-ամյա բնակիչն իր 22-ամյա դստեր, 18-ամյա որդու և Էջմիածին քաղաքի բնակչի հետ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ և ավելի քան 50 անձից գումարներ են կորզել, տեղեկությունը հայտնում է ՔԿ-ն։
Այսպես, խմբի անդամները մոլորության մեջ գցելով տուժողներին՝ նրանցից որոշակի ապրանքներ գնելու կամ որոշակի ծառայություններ մատուցելու դիմաց վճարել են նախապես ձեռք բերված, վճարման միջոց չհանդիսացող հուշանվերային կեղծ «EURO» թղթադրամներ:

«Պարզվել է նաև, որ 22-ամյա աղջիկն Էջմիածին քաղաքում գտնվող խոհանոց-խանութի վաճառողուհուց բացահայտ կերպով հափշտակել է գումար և դիմել փախուստի: Քննությամբ պարզվել է տուժողներին պատճառված վնասի չափը, որը կազմում է շուրջ 18 մլն դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ խմբի երեք անդամներին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` խարդախության հատկանիշներով։
Իսկ 22-ամյա աղջիկը մեղադրվում է խարդախության և կողոպուտի մեջ։ Խմբի 3 անդամները կալանավորվել են, իսկ 18-ամյա տղայի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: