Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ-ի վերաբերյալ անկեղծ հայտարարություններ է անում

ՌԴ ԱԳՆ–ի շենքն ու Կրեմլը
Մարիա Զախարովայի խոսքով` Վաշինգտոնն ու Փարիզը փետրվարի 24-ին ցուցադրաբար ընդհատել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ-ն անկեղծ հայտարարություններ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում աշխատելու պատրաստակամության մասին։ Այսօրվա ճեպազրույցում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդն ասել էր, որ ԱՄՆ-ն խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց պատրաստ է խաղաղ և կայուն կարգավորման համար շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում:

«Ինձ թույլ եմ տալիս կասկածել Դոնֆրիդի հայտարարության անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին Մինսկի խմբի եզակի միջնորդական ձևաչափը, ապա չէին արհամարհի բոլոր մասնակից պետությունների կողմից հավանության արժանացած մանդատը»,- շեշտեց Զախարովան։

Նրա խոսքով՝ նրանք փետրվարի 24-ին ցուցադրաբար, առանց որևէ խորհրդակցության ընդհատել են Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ շփումները։
Այդպիսով, Զախարովայի խոսքով, եռյակի աշխատանքին անդառնալի վնաս է հասցվել։ Այս վրդովեցուցիչ քայլի պատճառների մասին մինչ օրս ոչ մի հստակ բացատրություն չի տրվել։
«Երաշխիքներ չկան, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի։ Պարզապես, չի ստացվի ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Պետք է հաշվի առնել նոր իրողությունները»,- նշեց Զախարովան։
Նրա կարծիքով՝ խաղադրույքը եղել է այն, որ Ռուսաստանին կմեկուսացնեն, բայց նրանք սխալվել են և «իրենք իրենց են մեկուսացրել մեզանից»։ Իսկ արտաքին աշխարհը չի սահմանափակվում միայն Եվրատլանտյան աշխարհով։
Ռուսական կողմը շահագրգիռ է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խարխլեն տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնման` առանց այդ էլ բարդ ջանքերը։
«Մենք այսուհետ ևս մեզնից կախված ամեն բան կանենք այն պարտավորությունների ու խնդիրների անվերապահ կատարման համար, որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին ընդունել էր Դոնֆրիդին և նրա հետ քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությունը։