ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Մահացել է կամերունցի երգիչ Պիեռ Նարցիսը։ Տեղեկությունը հայտնում է երգչի նախկին կինը` Վալերիա Կալաչևան։
«Շնորհակալ եմ երկրի վրա միասին անցկացրած ժամանակի համար։ Պիեռ, Նարցիս, Լորենցո, Պա... Դու ընդմիշտ կլինես մեր սրտերում և աղոթքներում։ Շնորհակալ եմ հրաշալի դստեր համար։ Քեզ հանձնում եմ Բարձրյալ հոր ձեռքը։ Սիրով և խաղաղությամբ»,- սոցցանցում գրել է Կալաչևան։
Նարցիսը 45 տարեկան էր։
«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի տեղեկություններով` երգիչը երիկամների վիրահատության է ենթարկվել, ինչի հետևանքով էլ մահացել է։
Վերջին տարիներին Պիեռը հազվադեպ էր աստղերի հետ միջոցառումների մասնակցում և ավելի շատ զբաղված էր սեփական առողջությամբ։
Մուդիո Մուկուտո Պիեռ Նարցիս դե Նապոլի դե Սուզան ծնվել է 1977 թվականին Կամերունում։ Ավելի ուշ տեղափոխվել է Ռուսաստան, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 1990-ականների վերջից նա հանդես է եկել Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ՈւՀԱ-ի թիմում։
Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Աստղերի ֆաբրիկա-2» նախագծի շնորհիվ, որի շրջանակում ներկայացրել է «Շոկոլադե նապաստակ» («Шоколадный заяц») երգը։ Նարցիսը նաև Ինգուշեթիայի վաստակավոր արտիստի կոչում է ստացել։