ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է ընտրությունները 2023 թվականի հունիսից մայիս տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է Cumhuriyet թերթը:
Նշվում է, որ այս հարցի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։
Հերթական համընդհանուր ընտրությունները (նախագահական ու խորհրդարանական) Թուրքիայում նշանակված են 2023 թվականի հունիսի 18-ին:
«Արդարություն և զարգացում», ինչպես նաև «Ազգայնական շարժում» կուսակցություները նախկինում «Ժողովրդի դաշինք» էին ձևավորել: «Ժողովրդի դաշինքի» նախագահի թեկնածուն գործող նախագահն է։
Ըստ հրապարակման՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունում կարծիք կա, որ հունիսյան ընտրությունները պետք է տեղափոխել 2023 թվականի մայիս։ Նշվում է, որ եթե անհրաժեշտ լինի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել, ապա ներկայիս ժամկետների դեպքում այն տեղի կունենա հուլիսի 2-ին: Իսկ դա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ ընտրազանգվածի մեծամասնությունը արձակուրդ է գնում։