Հայաստանը լաբորատոր փորձադաշտ չէ. բողոքի ակցիա Երևանում

Ակցիայի կազմակերպչի խոսքով` բիոլաբորատորիաներում կարող են կենսաբանական զենք մշակել, ինչը սպառնում է երկրի քաղաքացիների անվտանգությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ակտիվիստներն այսօր կենսալաբորատորիաների գործունեության դեմ բողոքի ակցիա անցկացրին Երևանի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մոտ։
Ցուցարարներն իրենց հետ պաստառներ էին բերել, որոնց վրա գրված էր. «Հայաստանը լաբորատոր փորձադաշտ չէ», «Հանրային առողջությունը վտանգելն անթույլատրելի է»։ Մի քանիսն էլ հակագազերով էին մասնակցում ակցիային։
1 / 3

Բողոքի ակցիա Երևանում

2 / 3

Ոմանք հակագազերով էին մասնակցում ակցիային։

3 / 3

Դիմակներով ակտիվիստները

Բողոքի ակցիայի կազմակերպիչ, «Զարթոնք» շարժման առաջնորդ Արա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանի տարածքում` Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում, պաշտոնապես գործում է ութ լաբորատորիա, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի կողմից։
Նրա խոսքով` դա ապացուցում է, որ այդ լաբորատորիաներում կարող են անցկացվել ռազմական տարբեր մշակումներ և փորձարկումներ, որոնք վտանգավոր են Հայաստանի և այլ երկրների համար։
Զոհրաբյանը զուգահեռներ անցկացրեց Ուկրաինայի և Վրաստանի հետ, որտեղ լաբորատորիաների գործունեությունը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Նա հիշեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ոչ միայն չէր հերքել այդ երևույթը, այլև ասել էր, որ Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտություններով զբաղվող կենտրոններ, և իրենք անհանգստացած են, որ ռուսական ուժերը կարող են վերահսկողություն ստանալ դրանց վրա։ Վրաստանում էլ 248 հիվանդների մահվան հետ կապված աղմուկ էր բարձրացել, որոնք մահացել էին հեպատիտ C-ի որոշակի բուժման գործընթաց անցնելու հետևանքով, մինչդեռ ըստ աղմուկը բարձրացնողների` այդ մարդկանց նկատմամբ Վրաստանում գտնվող նման կենսալաբորատորիաների կողմից հետազոտություններ են անցկացվել:
Զոհրաբյանը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները պահանջում են թափանցիկ և հաշվետու հետաքննություն սկսել:
«Պետք է թափանցիկ հետաքննություն անցկացվի՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ պետություններին, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկայացուցչին։ Հայ հասարակությունը պետք է պատասխան ստանա հետևյալ հարցերին` արդյոք կենսաբանական զենքի համար նյութեր մշակվե՞լ են, թե ոչ, եղե՞լ է արդյոք մշակումների փոխանցում այլ երկրներին»,- ասաց նա։
Արա Զոհրաբյան
Ակցիան ավարտվեց փոքրիկ բեմականացմամբ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքի դիմաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և միլիոնատեր Բիլ Գեյթսի դիմակներով քաղաքացիներ հայտնվեցին։ Հետո նրանք Նիկոլ Փաշինյան և Ջորջ Սորոս «դարձան»։ Կազմակերպիչների խոսքով` Փաշինյանն ու Սորոսը բանակցում և ֆինանսավորում են այդ ծրագրերը, իսկ Ավանեսյանն ու Գեյթսն իրականացնում են դրանք։
Ակցիայի ավարտին «Փաշինյանը» թռավ «Սորոսի» գիրկը և հայտարարեց. «Խոնարհվում եմ ձեր առաջ, համբուրում եմ ձեր ձեռքերը»։
Հիշեցնենք` մայիսի 18-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարեց, որ Ուկրաինայում կենսաբանական նախագծերին մասնակցած կառույցների ներկայությունը Հայաստանում պետք է մանրակրկիտ վերլուծության ենթարկվի: Դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է Հայաստանի հետ արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում:
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ «Կենսաբանական լաբորատորիաների» ոլորտը զարգացնելու նպատակով ՌԴ, ԱՄՆ, ԱՊՀ, ԵԱՏՄ, ԵՄ և այլ երկրների մասնագետները ՀՀ մասնագետների հետ մի շարք փոխադարձ այցելություններ են իրականացրել լաբորատորիաներ։
Երևանը և Մոսկվան չեն թույլատրի իրենց տարածքներն օգտագործել բիոլաբորատորիաների համար