ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել ՀՅԴ Արմավիրի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանին և անդամ Ալեքսան Ալեքսանյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ–ական Լիլիթ Գալստյանը։
«Դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել մեր ընկերներին` յուրաքանչյուրի համար երկուական միլիոն դրամ գրավի դիմաց։ Գրավը վճարել ենք, նրանք արդեն ազատության մեջ են»,–ասաց Գալստյանը։
Նա հայտնեց նաև, որ ինքը և պատգամավոր Աշոտ Սիմոնյանը դատարան էին ներկայացրել անձնական երաշխավորությամբ երկու ՀՅԴ–ականներին ազատ արձակելու միջնորդություն, սակայն դատարանը գրավի դիմաց նրանց ազատ արձակեց։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել այն մասին, որ բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու անձինք, խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը։ Քննչական կոմիտեն մայիսի 8-ին հայտնել էր` Արմավիրի մարզի երկու բնակիչներ կալանավորվել են՝ հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով։