Վիկտորյա Նիկիֆորովա
Եթե 27 երկրներից որևէ մեկը չառարկի, Ուկրաինան կամ այն, ինչ մնացել է նրանից, Եվրամիության անդամի թեկնածու կդառնա։ Դե ինչ, շնորհավորում ենք։ Ուկրաինացիները դրա համար երկար ու դժվար ճանապարհ անցան։
Բաղձալի անդամակցության ճանապարհին ԽՍՀՄ ամենահարուստ պետությունը կորցրեց իր գիտությունն ու արդյունաբերությունը, կործանեց բարձր տեխնոլոգիաները, այդ թվում` ռազմականն ու տիեզերականը, զրկվեց գրեթե բոլոր բարձրակարգ մասնագետներից` բժշկից մինչև ինժեներ, բուհի պրոֆեսորներից մինչև հրթիռաշինարարներ։
Թվում էր` Ռուսաստանի հետ բոլոր կապերի գիտակցված քայքայումը կարող էր հանգեցնել Եվրոպայի ուղղությամբ վերակողմնորոշմանը։ Բայց ոչ, ծերուկ Եվրոպան մրցակիցներ չի սիրում։ ԵՄ-ն ամեն կերպ աջակցում էր Ուկրաինայի տոտալ ապաարդյունաբերականացմանը և միաժամանակ կլանում ուկրաինական բոլոր արժեքավոր կադրերին` երիտասարդ գեղեցիկ աղջիկներից մինչև ծեր գիտնականներ։ Ուկրաինայում արտադրությունը փլուզվեց, երկիրը չքավորության հասավ և, ըստ էության, ստրուկների շուկայի վերածվեց։
Աղքատացմանը զուգահեռ դեգրադացվում էին քաղաքակրթական արժեքները։ Քաղաքային մշակույթը փոխարինվում էր գեղջկականով։ Եվ այսօր պարզորոշ տեսնում ենք դրա հետևանքները` ֆաշիզմ, սատանայապաշտություն, հակառուսական և հակապուտինյան հիմարագույն գործողություններ։ Մի խոսքով` խայտառակություն։
Բնական է, որ նման պայմաններում Ուկրաինայի գլխավոր երազանքը լինելու էր արտագաղթը։ Այս անիծված վայրում պետությո՞ւն կառուցել, իհարկե ոչ։ Խելացի մարդիկ ձգտում էին այս տարածքից քամել հնարավոր ամեն բան և փախչել լուսավոր Արևմուտք։ Դա նրանց հաջողվեց։ Վերջին 30 տարում Ուկրաինան կորցրեց իր միլիոնավոր լավագույն քաղաքացիներին։ Կիևյան ռեժիմը նույնիսկ վախենում է մարդահամար անցկացնել, որպեսզի ցույց չտա ժողովրդագրական աղետի ծավալները։
Բայց ամենախելացիները որոշեցին, որ մեկ ճամպրուկով արտագաղթելն իրենց համար չէ։ Նրանք Ուկրաինայից փախան մարզերով, քաղաքներով, շրջաններով։ Որովհետև նորմալ մարդիկ պարզապես չէին կարող ապրել ռուսաց լեզվի արգելքով, ջահերով երթերով, «ռուսներին կախաղան բարձրացնելով»։
Բնական ճանապարհով Ուկրաինայից անջատվեցին Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը։ Վերջին ամիսներին նրանց հետևեցին Խերսոնը, Մելիտոպոլը, Մարիուպոլը։ Արևմտյան շրջանների գրեթե ամբողջ բնակչությունը ձեռք է բերել «լեհերի քարտեզը» և բարձրաձայն հույս է հայտնում, որ Լեհաստանում իրենց կընդունի պան Դուդան։ Կարճ ասած` Ուկրաինայից քիչ բան է մնացել։
Իսկ տորթի վրայի ելակը դարձավ այն, որ ուկրաինացիների զանգվածային զորահավաք կազմակերպեցին և ուղարկեցին ռազմաճակատ` կռվելու ՌԴ բարձրակարգ պայմանագրայինների և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի մարտական փորձ ձեռք բերած ստորաբաժանումների հետ։ Եվ ի՞նչ։ Հիմա արդյունաբերական ծավալներով զոհեր են տալիս, նույնիսկ Զելենսկին է արդեն խոստովանում։ Իրականում սարսափելի է։
Այսինքն` երկիրը կորցրեց իր հողերը, հարստությունը, իր լավագույն մարդկանց, ինչի՞ համար։ «Ցե-Էուրոպա» լինելու մշուշոտ իրավունքի և դրանով «նզովյալ ռուսների» մոտ պարծենալո՞ւ։ Հաջող գործարք է, ինչ խոսք։
Դեռ 30 տարի առաջ խելացի մարդիկ այդ նույն «Էուրոպայից» Ուկրաինայի քթի առաջ կախեցին բաղձալին` Եվրամիության անդամակցությունը։ Բրյուսելի շահն այստեղ հասկանալի է. աղքատացնում ենք Արևելյան Եվրոպայի հարստագույն տարածաշրջանը, էժան գնով առնում ենք ամեն ինչ, միլիոնավոր գրագետ սպիտակ մարդիկ ենք ստանում, որոնք պատրաստ են քրտնաջան կատարել ամենակեղտոտ աշխատանքը ամենացածր վարձատրության դիմաց և նույնիսկ իրենց տերերի համար մեռնել ռազմաճակատում։ Միլիոնավոր լսող, ջանադիր, չպահանջկոտ ստրուկներ. այն ամենը, ինչ հարկավոր է ծերացող Եվրոպային։
Ակնհայտ են նաև այն օլիգարխների շահերը, որոնք կառավարում էին այս խեղճ տարածքը։ Նրանց թույլ են տալիս թալանել այն, ինչը կմնա եվրոպական կորպորացիաներից հետո, երաշխավորում են շվեյցարական բանկերում իրենց կապիտալների ապահովությունը։ Այնուամենայնիվ չեմ կարողանում հասկանալ` 30 տարվա ընթացքում «էուրոպական ուղղությամբ» ինչի են հասել հասարակ ուկրաինացիները։
Նրանք չեն սկսել ավելի լավ ապրել։ Սկսել են ավելի շատ զոհվել։ Եվ այդ ամենի համար միայն վիզա չունենալու արտոնություն են ստացել` հարուստ երկրների սահմանն արագ հատելու և այնտեղ այսպես կոչված ծառայությունների ոլորտում ապօրինի աշխատելու իրավունք։ Բոլորս հասկանում ենք` ինչ ծառայությունների մասին է խոսքը։ Ապօրինի աշխատանք ցանկացած ոլորտում` սա միայն մարմնավաճառությանը չի վերաբերում, դա անթիվ ստորացումների և խաբեությունների շարան է` հրաժեշտ տալ մարդկային արժանապատվությանը, հրաժարվել նորմալ սոցիալական կարգավիճակից, անելանելիության դատապարտել սեփական անձը։ Մի՞թե այս ամենն արժե դրան։
Վերջին շրջանում ուկրաինացիներն իրենց եվրոպական տերերի շահերի համար այնքան անձնվիրաբար են զոհվում, որ Բրյուսելը որոշել է խրախուսել նրանց։ Ի՞նչ կարող է Ուկրաինային տալ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը։ Սկզբունքորեն ոչինչ։
Հյուսիսային Մակեդոնիան արդեն 17 տարի է` այդ կարգավիճակում է, Չեռնոգորիան` 12 տարի, Սերբիան` 10, Ալբանիան` 8, Թուրքիան այդ ուղղությամբ չեմպիոն է` արդեն 23 տարի։ Նկատենք, որ այս բոլոր պետությունները շատ ավելի հաջողակ ու ժողովրդավար են, քան Ուկրաինան։
Տեսականորեն թեկնածու երկրին կարող է առանց վիզայի արտոնություն տրամադրվել և նյութական օգնություն Բրյուսելից։ Սակայն առանց վիզայի մուտքի ռեժիմ Ուկրաինան արդեն ստացել է։ Գումար ևս տվել են, ընդ որում` միլիարդավոր եվրոներով։ Գեթ մեկ եվրո բաժին հասե՞լ է հասարակ ուկրաինացուն։ Հռետորական հարց է։
ԵՄ-ում Ուկրաինային որպես լիիրավ անդամ ընդունելը անհնար է թվում։ Տնտեսության առումով այնտեղ պարզապես սարսափելի վիճակ է։ Անզեն աչքով է երևում` որքան հեռու է Ուկրաինան եվրոպացիների «ոսկե կես միլիարդից»։ Միայն մեկ թիվ ներկայացնենք` բյուջեի ավելի քան 3% պակասուրդ ունեցող պետությանը ԵՄ չեն ընդունում։ Այս տարվա Ուկրաինայի բյուջետային պակասուրդը մոտ 17,8 տոկոս կկազմի։
Էլ չենք խոսում այնպիսի մանրուքի մասին, ինչպիսին են երկրի տարածքում իրականացվող մարտական գործողությունները։ Թուրքիային ԵՄ-ի անդամ չդարձնելու համար պատրվակ հանդիսացավ Հյուսիսային Կիպրոսի շուրջ վաղուց սառեցված հակամարտությունը։ Բայց այնտեղ, ըստ էության, ամեն ինչ հանգիստ է։ Դիվանագիտական ակտիվություն կցուցաբերվի մերթընդմերթ, և վերջ։ Իսկ ի՞նչ է կատարվում Ուկրաինայում։
Եվ նույնիսկ երբ ՌԴ հատուկ գործողություններն ավարտվեն, այն տարածքներում, որ կմնա Ուկրաինայից, խաղաղություն հազիվ թե տիրի։ Այնտեղ այնպիսի հատուկ «գոտի» են ստեղծել, որտեղ նորմալ մարդիկ ապրել չեն կարող։ Նրանք այնտեղից պարզապես կփախչեն։ Մնացածները կրկին ձեռքները զենք կվերցնեն։
Եվրոպայի քաղաքացիների մեծ մասը քաջ գիտակցում է Ուկրաինայի այդօրինակ կասկածելի «ներդրման» բոլոր ռիսկերը։ ԵՄ երկրների բնակչությունը զանգվածաբար ասում է, որ Ուկրաինայի իրական անդամակցությունը հնարավոր է միայն հեռավոր ապագայում։ «Մի քանի տասնամյակների հարց է»,- նկատել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։
Այսինքն` արդեն այսօր եվրոպական էլիտաները ուղիղ տեքստով բացատրում են ուկրաինացիներին, որ այդ բոլոր գագաթնաժողովները, Եվրահանձնաժողովի որոշումները, Զելենսկու հանդիսավոր ելույթները զուտ աչքին թոզ փչելու համար են։ Իրականում այդ միջոցառումները որևէ իմաստ չունեն, բացի նրանից, որ ուկրաինացիներին կրկին ու կրկին ներշնչեն, թե իրենք ռուսների նման չեն, որ Եվրոպան իրենց կողքին է, արտասահմանը կօգնի։ Ա՜խ, որքան վաղուց են այս «կուտը» տալիս նրանց։
Գալիք գագաթնաժողովը թույլ կտա, որ եվրոպական ցանկություններ դրսևորեն նաև հետխորհրդային մյուս պետությունները։ Վրաստանի և Մոլդովայի ղեկավարները, որոնք Ուկրաինայից անմիջապես հետո թեկնածության կարգավիճակի հայտ են ներկայացրել, այժմ ձևացնում են, թե խորապես վիրավորված են։
«Եթե բաց հակամարտությունը կարգավիճակ ստանալու չափանիշներից մեկն է, ապա մենք այդպես չենք ցանկանում»,- զայրանում է Վրաստանի վարչապետը` հիշեցնելով, որ իր երկիրը բոլոր ուղղություններով տասը գլուխ առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից։
«Մենք կուզեինք հնարավորինս արագ թեկնածուի կարգավիճակ ստանալ,- նախանձում է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն,- բայց մենք իրատես ենք և հասկանում ենք, որ կան գործընթացներ, որոնք պետք է անցնենք ԵՄ-ին անդամակցելու համար»։
Ա՛յ, դա ճիշտ է, տիկի՛ն նախագահ։ Նման գործընթացներ կան, անունն էլ` դեպոպուլյացիա, չքավորություն և վայրենացում։ Երբ Մոլդովայում նրանք բավական հեռուն գնան, երկիրն իր եվրոպական շանսը կունենա։ Ի դեպ, ռուսական հեռուստահեռարձակման արգելքը մեծ քայլ է այդ ճանապարհին։
Դեռ 2014 թվականին, երբ Ուկրաինային գրեթե ուժով էին «էուրոպական ուղղության» դրդում, Մոսկվան Կիևին ամեն կերպ հորդորում էր ուշքի գալ։ Վարկեր, օգնություն էր առաջարկում, խորհուրդ էր տալիս պարզապես սպասել, միանգամից որոշումներ չկայացնել, ուշադիր ընթերցել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, նայել, թե ինչ է այնտեղ գրված մանր տառերով։ Ո՛չ, խելքի գալու բոլոր հորդորներն անզոր էին։ Կիևյան էլիտան կարողացել էր իր ժողովրդին հրամցնել իրենց ընտրյալ, էլիտար, եվրոպական լինելու մասին հեքիաթը։ Արդյունքը հայտնի է։
Ուկրաինացիների համար ամենացավալին այն է, որ այդ ամենը նրանք անում են ի հեճուկս «նզովյալ ռուսների», իսկ ռուսներին դա բոլորովին չի հուզում։ Ռուսները զարմանքով և ափսոսանքով ենք նայում վաղեմի գեղեցիկ երկրին, նրա շփոթված բնակիչներին։ Ահա թե ինչու են նրանք այդ ամենը անում։
ԵՄ-ի հետ համագործակցությունը, սիրելի՛ ուկրաինացիներ, ձեզ համար հիմար և ոչ շահավետ գործարք դուրս եկավ։ Եվրոպական երազանքի դիմաց դուք վճարեցիք ձեր սպանված սոցիալական կյանքով, ոչնչացված առողջապահությունով, ապաարդյունաբերականացմամբ, ահռելի գնաճով։ Իսկ հիմա ձեր իսկ կյանքով վճարեք։ Եվ այդ ամենն այն պատճառով, որ Զելենսկու կինը կարողանա գնումներ կատարել Լոնդոնում և հայտնվի սնդուսափայլ ամսագրերի շապիկներին։ Նա, իհարկե, լավ տեսք ունի։
Սիրելի՛ ուկրաինացիներ,Եվրամիության անդամ դառնալու թեկնածության կարգավիճակի հարցում, մեղմ ասած, մոլորեցնում են ձեզ։ Որքա՞ն կարելի է նույն ցեխը մտնել։