ՀՀ ոստիկանապետի հրամանով Ապարանի բաժնի պետն ազատվել է պաշտոնից

Վահե Ղազարյանի հրամանով` արդեն իսկ Ապարանում նոր ոստիկանապետ է նշանակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։
ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության մայոր Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ։ Ավելի վաղ նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։
Ռաֆայել Պողոսյան
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը ևս ծանր է: Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Հավելենք, որ դեպքի մասին Sputnik Արմենիային որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ Վիրավորում ստացած և «Աստղիկ» ԲԿ-ում մահացած Տիգրան Հարությունյանն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից է։ 28-ամյա Տիգրանը «Գնթունիք» սուպերմարկետում էր աշխատում։