ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայաստանի առաջատար դահուկորդներից Միքայել Միքայելյանն առաջիկայում կմիանա Նորվեգիայի թիմին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ հանդիպմանը այս մասին ասել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով` Միքայել Միքայելյանը կաշխատի աշխարհի լավագույն մարզիչների ու թիմի հետ։
«Միքայել Միքայելյանն օգոստոսին կմեկնի Նորվեգիա՝ կարճ ուսումնամարզական հավաքի: Սեպտեմբերին Նորվեգիայի հավաքական թիմի հետ ևս մեկ հավաքի կմեկնի, իսկ հոկտեմբերին կմասնակցի աշխարհի գավաթին ու միջազգային որոշ մրցաշարերի` ներկայացնելով Հայաստանը»,–նշել է Սարգսյանը։
Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի գիտության և զարգացման պատասխանատու Քալֆոս Պեռ Էլիասը, որը ևս ներկա է եղել հանդիպմանը, խոսելով Միքայելյանի մասին ասել է, որ նա շատ աշխատասեր մարզիկ է և մեծ պոտենցիալ ունի ավելի լավը դառնալու համար: Նրա խոսքով՝ Հայաստանում հանդիպել է նաև տաղանդավոր այլ մարզիկների, որոնք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ մարզվելու և հավաքներ անցկացնելու պոտենցիալ ունեն:
«Հայաստանը մեծ պոտենցիալ ունի դահուկասպորտում: Հասցրել եմ մի շարք վայրերում լինել, օրինակ` Աշոցքում, համոզվել եմ, որ Հայաստանում դահուկասպորտն ավելի զարգացնելու, այստեղ մրցաշարեր անցկացնելու բոլոր պայմանները կան: Իդեալական պայմաններ ունեք: Վստահ եմ՝ կարող ենք լավ մարզիկներ պատրաստել ձեր երկրում: Մրցակցության տեսանկյունից էլ լավ կլինի, որ այս մարզաձևը հնարավորինս շատ երկրներում զարգանա, ու մենք դրա համար պատրաստ ենք մեր օգնությունը տրամադրել՝ մարզումների, մարզիչների վերապատրաստումների և այլ հարցերով»,- ասել է Պեռ Էլիասը:
Կարեն Գիլոյանը մարզաձևի նորվեգացի գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ առաջարկելով ձմռանն ուսումնամարզական հավաքներ անցկացնել Ծաղկաձորում: