Նիգավանում գրանցված միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի. ոստիկանություն

Ոստիկաններ
Նիգավանում կրակոցներ են հնչել։ Յոթ հոգու տեղափոխել են տարբեր բժշկական կենտրոններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը վստահեցնում է, որ Արագածոտնի մարզում գրանցված միջադեպը, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 6-ը` վիրավորվել, քաղաքական ենթատեքստ չունի։
Ըստ ոստիկանության հաղորդագրության` Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել հունիսի 19-ին` ժամը 19.45-ի սահմանում։
Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալով` գործադրվել է որսորդական հրացան:
Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:
«Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին` պատճառը կենցաղային է»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ երեկ լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Ըստ այդ լուրերի`վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` վստահեցնելով, որ դա բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ։
Shamshyan.com–ն էլ հայտնում է, որ միջադեպի հետևանքով 2 մարդ է մահացել։ Մեկը 27-ամյա Հմայակ Միքայելյանն է, մյուսը` 28-ամյա Տիգրան Հարությունյանը։ Տուժել են 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։ Բոլորը Ապարանի բնակիչներ են։
Նրանք Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոններ։
Կայքի տեղեկություններով՝ Հմայակ Միքայելյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում։