«Դիմադրություն» շարժման անդամները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ կարմիր ներկ լցրին, խաղալիք ինքնաձիգներ թափեցին և վանկարկեցին` «Նիկո՛լ, մարդասպա՛ն»։
Ըստ ընդդիմության` կարմիր ներկը խորհրդանշում է արյուն, որը բնութագրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
«Այս ղեկավարության օրոք մշտապես մահեր են լինում։ Նրանք իշխանությունը պահելու ձևը գտել են` արյուն թափելն է, 4 տարի մահ ու սուգ են բերել մեր երկրին»,- նշեց շարժման անդամներից մեկը։
Կուսակցության գրասենյակի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները պաստառներ են պարզել, որոնց վրա գրված է. «Նիկոլ=մահ», «Կանգնեցրե՛ք ահաբեկչությունը», «Կանգնեցրե՛ք մարդասպանին», «Նիկոլիզմի զոհ ենք բոլորս», «Նիկոլ մահաբեր» և այլն։
Նրանք նաև վանկարկում են` «առանց Նիկոլ Հայաստա՛ն», «Նիկո՛լ, մարդասպա՛ն», «Նիկո՛լ, հայասպա՛ն»։
Ընդդիմադիրները կանգ առան նաև ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության շենքերի մոտ։ Նրանք մոմավառություն կազմակերպեցին ոստիկանության շենքի մոտ` նվիրված Ապարանում հունիսի 19–ին կրակոցների հետևանքով սպանվածների հիշատակին։ ԱԱԾ շենքի մոտ «Դիմադրության» երթն ավարտվեց։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր հրատապ հանրահավաք անցկացրեց, որից հետո երթ սկսեց Մաշտոց-Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկից։