Ռուսաստանում թեթևշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել

Օդաչուն և ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Տվերի մարզում թեթևշարժիչավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությունը: Գործ է հարուցվել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման վերաբերյալ։
Ինչպես պարզվել է, հունիսի 18-ի երեկոյան օդաչուն, որը Zlin 142 օդանավի սեփականատերն է, կորցրել է օդանավի կառավարումը, ինչի հետևանքով օդանավը կործանվել է Ռժևի օդանավակայանի մերձակայքում։

«Օդաչուն և ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Ներկայում նրանք գտնվում են բուժկենտրոնում, որտեղ նրանց օգնություն է ցուցաբերվում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննչական մարմինների կողմից քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1.1-րդ մասով (օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտում) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի, օդանավի, թռիչքուղու զննություն, հարցաքննվել են օդանավակայանի աշխատակիցները, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են քննչական գործողություններ։