ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Արագածոտնի մարզում այսօր հնչել են կրակոցներ, մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը :
Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին և քննիչներին բժիշկները հայտնել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ:
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ միջադեպը, որն այնուհետև զուգորդվել է կրակոցներով, տեղի է ունեցել Նիգավան գյուղի աղբանոցների հարևանությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը: