Թուրքական ֆեյք զարդանախշերը մեր տներում. ծանր հանցագործություն սեփական մշակույթի հանդեպ

Վերնիսաժում վաճառվող և հայկական ներկայացվող կտորները
Վերջերս Շուշիում անցկացված ադրբեջանական փառատոնի ժամանակ բոլոր սեղանները ձևավորված էին մեզ շատ ծանոթ գործվածքով, որը մեր երկրում ցավալիորեն որպես հայկական է ներկայացվում։ Մինչդեռ այն ոչ միայն թուրքական արտադրության է, այլև ոչ հայկական բովանդակությամբ։
Sputnik
Հայկական տարազ՝ թուրքական գործվածքով ու ոչ հայկական զարդանախշերով․կարծում եմ՝ այս նախադասությունը կարդալիս ընթերցողների մեծ մասը զայրույթ ու վրդովմունք ապրեց՝ ինչպե՞ս կարելի է ազգային մշակույթն այսպես աղավաղել։ Որքան էլ ցավալի լինի, բայց մեզնից շատերն են ակամա այդ աղավաղման մասնակիցը դառնում՝ տեղեկատվության պակասի պատճառով։ Մենք մեր ձեռքով ենք թուրքական արտադրության ֆեյք զարդանախշերը մեր տուն բերում, արտերկրում ապրող մեր ազգականներին, ընկերներին նվիրում՝ միամտաբար դրանք հայկական համարելով։ Թուրքական գործվածքով ողողված է ամբողջ Վերնիսաժը, որտեղ այն ներկայացվում է իբրև հայկական։
Գործ ունենք ազգային ինքնության, մշակույթի աղավաղման հետ։ Տարբեր հարթակներում մասնագետները բարձրաձայնում են այս մասին՝ տարիներ շարունակ պայքարելով մեր գրպանից վճարվող ու մեր իսկ ձեռքով իրականացվող մշակութային սպանդի դեմ։

Սա ծանր հանցագործություն է սեփական մշակույթի նկատմամբ

Ժողովրդական վարպետ Սիրանուշ Հակոբյանը հագուստի ոճաբան ու նկարիչ է, հայկական զարդամոտիվներով ստեղծված կաշվե աքսեսուարների փոքրիկ արտադրություն ունի։ Սոցցանցերի հայկական տարբեր խմբերում ակտիվորեն գրում, զգուշացնում ու պատմում է հայկական շուկան ողողած թուրքական գործվածքի մասին։
Ժողովրդական վարպետ Սիրանուշ Հակոբյանը ներկայացնում է իրական հայկական զարդանախշերը
Նշում է՝ այս գործվածքն արդեն այնքան վաղուց ու այնքան մեծ ծավալներով է կիրառվում մեր երկրում, որ սարսափեցնող է։ Օգտագործողների մեծ մասը գլխի էլ չի ընկնում, որ գործ ունի ոչ հայկական զարդանախշերի հետ, քանի որ մեր հարևանները ջանացել են, որ գործվածքը մեր աչքին ծանոթ թվա՝ նուռ, հայկական տառեր, խաչ, նախշեր, որոնք նմանեցվում են հայկական գորգերում կիրառվողներին։

«Անգրագետ կոմպոզիցիոն հորինվածքը, սխալ գծապատկերային զարդանախշերն ու գունային համադրությունները, դաշտերի սխալ չափսերի ընտրությունը հուշում են, որ դրանք հայկական չեն։ Թեպետ, այո՛, օգտվել են մեր զարդանախշերից, բայց շատ անգրագետ ձևով են դա արել։ Հայկականում ամեն ինչ մտածված է, յուրաքանչյուր զարդանախշ ունի իր նշանակությունը»,- բացատրում է Սիրանուշը։

Պնդում է՝ մասնագետ լինել պետք չէ՝ կեղծն ու իսկականը տարբերելու համար, ամեն ինչ դեպի կրթություն է տանում։ Կարևոր է, որ մանկուց մեր աչքը հայկական գրագետ զարդամոտիվներին սովորի. պետք է հաճախել թանգարաններ, որտեղ մեր պատկերավոր արվեստի անսպառ նմուշներ կան։ Դրանք հանրահռչակելու և տարածելու փոխարեն մեր մշակույթի հետ կապ չունեցողով ենք ազգային դիմագիծ ներկայացնում։
Վերնիսաժում վաճառվող և հայկական ներկայացվող կտորները
Այս գործվածքները ոչ միայն մեր կենցաղ են մտել, այլև որպես տարազ օգտագործվում են պարի խմբակներում, լուսանկարչական ստուդիաներում։ Լուսանկարներն ու տեսագրությունները փոխանցվում են սերնդեսերունդ։ Սիրանուշը ահազանգող հարց է հնչեցնում՝ այսկերպ ի՞նչ հիշողություն ենք փոխանցելու ազգային տարազի մասին։
«Գիտակցել այս վնասն ու շարունակել օգտագործել` դավաճանություն է սեփական հայրենիքի հանդեպ, ծանր հանցագործություն է սեփական մշակույթի, մեր սերունդների նկատմամբ։ Սա ոչ միայն ֆինանսական, այլև պետական, մշակութային, ազգային և բարոյահոգեբանական հարված է, կարճ ասած՝ մշակութային ցեղասպանություն՝ մեր գումարով ու մեր ձեռքով»,- ասում է ժողովրդական վարպետը։
Ժողովրդական վարպետ Սիրանուշ Հակոբյանը ներկայացնում է իրական հայկական զարդանախշերը
Նրա խոսքով՝ սեփական մշակույթի հանդեպ այս անփութությամբ մի օր կարող ենք պահանջատեր դարձնել թշնամի պետությանը` մեզ մեղադրեն իբրև թե իրենց ազգայինը յուրացնելու համար, ստիպեն վճարել։
«Պետության կողմից չունենք աջակցություն։ Ցեղասպանության տարիներին առանց պետության աջակցության ժողովուրդը փրկել և մեզ է հասցրել մշակույթի պատառիկները։ Այսօր սա մեկ հոգու պայքար չէ»։
Ժողովրդական վարպետ Սիրանուշ Հակոբյանը ներկայացնում է իրական հայկական զարդանախշերը
Սիրանուշի կարծիքով՝ այս պայքարում հաջողելու համար տարբեր ոլորտների ներկայացուցիչներ պետք է միավորվեն՝ ոճաբաններ, լրագրողներ, սպառողներ, ազգագրագետներ, գործարարներ և այլք։ Հայկական զարդանախշերով որևէ արտադրություն սկսելուց առաջ, եթե համապատասխան գիտելիքներ չկան, կարևոր է խորհրդակցել մասնագետների հետ։
1 / 7

Ժողովրդական վարպետ Սիրանուշ Հակոբյանը ներկայացնում է իրական հայկական զարդանախշերը

2 / 7

Իրական հայկական զարդանախշերը

3 / 7

Իրական հայկական զարդանախշերը

4 / 7

Իրական հայկական զարդանախշերը

5 / 7

Իրական հայկական զարդանախշերը

6 / 7

Իրական հայկական զարդանախշերը

7 / 7

Ժողովրդական վարպետ Սիրանուշ Հակոբյանը ներկայացնում է իրական հայկական զարդանախշերը

Հետո իրավունք չենք ունենա խոսելու մեր ազգային մշակույթի մասին

Տաթև Մուրադյանն ազգագրագետ է, հայկական զարդերի արտադրություն ունի։ Իր պայքարը թուրքական հայտնի գործվածքների դեմ սկսել է 2013-2014թթ․ Վերնիսաժում։
«Մոտեցա վաճառողին և հարցրեցի՝ սրանք հայկական չեն, ինչո՞ւ եք վաճառում։ Այնքան վրդովվեց, որ քիչ էր մնում իմ ուղղությամբ իրեր նետեր»։
Վերնիսաժում վաճառվող և հայկական ներկայացվող կտորները
Տաթևն ասում է՝ ժամանակի ընթացքում հասկացավ՝ վաճառողների հետ պայքարն անիմաստ ու անարդյունք է, քանի դեռ պահանջարկը կա, գործվածքը վաճառվելու է։ Սկսեց գնորդների հետ պայքարել՝ բացատրելով, տեղեկացնելով ու սովորեցնելով։ Քանի որ որպես հայկական ներկայացվող թուրքական գործվածքները լայնորեն օգտագործվում են նաև տարբեր վաճառասրահների, հայկական արտադրանքի, հյուրատների ձևավորման ժամանակ, Տաթևը նաև այդ ուղղությամբ է պայքարում։ Նշում է՝ շատերն իմանալուց հետո, թե դա ինչ է, անմիջապես հրաժարվում են այդ գործվածքից, ոմանք էլ ասում են՝ այլընտրանք առաջարկեք, մյուսներն էլ պատճառաբանում են՝ սա է մատչելի։
Վերջին տարիներին Տաթևն ակտիվորեն պայքարում է նաև դպրոցների ուսուցիչների, մանկապարտեզների դաստիարակների հետ, որոնք միջոցառումների ժամանակ հենց այս գործվածքն են կիրառում իբրև թե ազգայինի մասին պատմելու համար։
Ազգագրագետ Տաթև Մուրադյանը
«Ինձ հաճախ ասում են՝ ի՞նչ անենք, որ Թուրքիայում են արտադրված, նախշերը հայկական են։ Բայց այդ զարդանախշերը հայկականի հետ կապ չունեն։ Հայկական գորգերում, տարազներում յուրաքանչյուր զարդանախշ ունի տեքստ, հաղորդագրություն, գաղտնագրված սիմվոլիկա, իսկ այս գործվածքների դեպքում վերցրել են հայկական ինչ-որ զարդանախշ, աղավաղել են այն, ավելի երկրաչափական տեսք տվել։ Նույնկերպ նաև գույները՝ ոսկեգույնը, սևը, ոչ մի կապ չունեն մեզ հետ»։
Տաթևը նկատում է՝ այս գործվածքը հաճախ կիրառվում է պետական արարողությունների ժամանակ, դեսպանատներում, տուրիստական միջազգային ցուցահանդեսներում տաղավար ձևավորելու համար։ Այս դեպքում գործ ունենք պետական համակարգի ոչ ուշադիր վերաբերմունքի հետ։ Ինչ վերաբերում է այլընտրանք չունենալուն՝ այն կա․ունենք գործվածքի փոքրիկ արտադրություններ, որոնց դեպքում, իհարկե, ինքնարժեքն ավելի բարձր է՝ 6000-7000 դրամ է, մինչդեռ այս կտորները շատ էժան են՝ 1000-2000 դրամ։

«Եթե մենք շարունակենք այսպես աղավաղել մեր ազգային մշակույթը, տարիներ հետո իրավունք չենք ունենալու խոսելու դրա մասին։ Մենք միջազգային շատ ֆորումներում տեքստիլի, գորգերի աղավաղման դեմ ենք պայքարում, բայց երբ թուրքական մշակույթը, թուրքական տարրերը յուրացնում ենք որպես մերը, իրավունք չունենք պայքարելու մերի համար»։

Տաթևը ցավով հավելում է՝ հաճախ նույն այդ ֆորումներում մեր հարևանները, մատնանշելով մեր կենցաղում և մշակույթի մեջ կիրառություն գտած գործվածքը, պարզապես ասում են՝ ձերը սա է։ Ստացվում է՝ պետք է բավարարվել դրանով ու չպայքարել, օրինակ, արցախյան գորգի համար։
Դարեր շարունակ, երբ չենք ունեցել պետականություն, մշակույթն է օգնել պահպանել մեր ազգային ինքնությունը, այն, ինչն այսօր մեր ձեռքով աղավաղում ենք...