ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակում անցկացրին հերթական հանրահավաքը, խոսեցին, թե ինչպիսի Հայաստան են պատկերացնում, բոլոր ուղղություններով ներկայացրին իրենց պատկերացումները։
Շարժման անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց զինված ուժերի բարեփոխումների՝ իրենց պատկերացումը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում պետք է առաջնորդվել «Ամեն ինչ՝ հանուն բանակի, հանուն պաշտպանության և հանուն անվտանգության» սկզբունքով։ Պատգամավորը շեշտեց` ԶՈւ բարեփոխումների հիմքում զինծառայողն է։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խոսեց սոցիալ-տնտեսական համակարգի մասին։ Նա ընդգծեց, որ վերջին 4 տարում հանրային կյանքի բոլոր ոլորտներում հետևողական ձախողումներ են արձանագրվել, իրականացվել հակասոցիալական փոփոխություններ։ Պատգամավորն իր ասածները փաստող թվեր ներկայացրեց։
Թադևոսյանը նաև նշեց, որ ՀՆԱ-ի տարեկան միջին աճն ընդամենը 2.8 % է, պետական պարտքն էլ աճել է շուրջ 2.6 մլրդ դոլարով։
Կրթության ոլորտի մասին իր խոսքն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա շեշտեց, որ «Դիմադրություն» շարժման ուժը երիտասարդներն են։
Նա ցավով նշեց այն հանգամանքը, որ այսօր արդեն ավելի ու ավելի քիչ երիտասարդներ են գիտության ոլորտում ներգրավվում։ Նրա խոսքով` գիտության ոլորտում պետք է մշակել ռազմավարություն` ելնելով պետության զարգացման և անվտանգության ապահովման կարիքներից։ Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ` պետբյուջեի առնվազն 4 %-ը պետք է հատկացվի գիտությանը։
Հանրահավաքից առաջ և այդ ընթացքում հնչում էին հայրենասիրական երգեր` «Հայե՛ր, միացե՛ք», «Զարթի՛ր, լաո՛» և այլն։ Շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները վանկարկում են «Առանց Նիկոլ, Հայաստան», «Նիկոլ, դավաճան», «Արցախին ասում ենք՝ այո՛, Հայաստանին ասում ենք՝ այո՛, Նիկոլին ասում ենք՝ ո՛չ», «Տեր ենք մեր հայրենիքին»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն
ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ին հայտարարեց, որ
վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում.
գնալու են մինչև վերջ: