ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բոսնիա և Հերցեգովինայի պրեզիդիումի անդամ Միլորադ Դոդիկի հանդիպման ժամանակ աշխատող համաժամանակյա թարգմանիչը կորցրել է ինքնատիրապետումը և անպարկեշտ հայհոյանք է կիրառել երկար արտահայտության թարգմանությունից հետո։
Զավեշտալի պահը հայտնվել է Kremlinpool–ի Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։
Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչի խոսքը թարգմանչին «մեղքի է դրդել»։ Նշվում է, որ հանդիպումն անցկացվում էր կեսգիշերին մոտ։
Թարգմանիչը հերոսաբար թարգմանել է Դոդիկի երկար նախադասությունը, այնուհետև խորը շունչ քաշել և հայհոյել։
«Թարգմանչի աշխատանքը ծանր է», – այսպես է վերնագրել տեսանյութը ալիքի հեղինակը։
Ավելի վաղ հայտնում էին, որ Դոդիկի հետ հանդիպմանը Պուտինը պատմել է Ռուսաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի բարդ հարաբերությունների մասին։ Միևնույն ժամանակ ՌԴ առաջնորդը վստահեցրել է, որ պետությունների միջև հարաբերությունները շարունակվում են և զարգանալու են հետագայում։