Փաշինյանն ու Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդի հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Միաժամանակ, Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և կարևորել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը ՄԽ համանախագահության շրջանակում»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ու Դոնֆրիդը խոսել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդը
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում։
Քերին Դոնֆրիդի խոսքով` ԱՄՆ վարչակազմը ևս կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ուստի ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ընդունել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադարձել են ժողովրդավարությանը, տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդը
Կողմերը կարևորել են պաշտոնական մակարդակում փոխայցելությունների և շփումների դրական դինամիկան։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման, պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները:
Շեշտվել է կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
Երևանում է Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը