Մահացել է ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Ժան–Լուի Տրենտինյանը

Ժան–Լուի Տրենտինյան. Արխիվային լուսանկար
Դերասանի ամենահայտնի աշխատանքներից են «Տղամարդը և կինը», «Սեր», «Վազանց», «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Կյանքի 92-րդ տարում մահացել է ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Ժան–Լուի Տրենտինյանը։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը` հղում անելով դերասանի տիկնոջը։
Նշվում է, որ դերասանաը մահացել է ծերությունից հունիսի 17-ի առավոտյան տանը` Գար շրջանում ։
Ժան–Լուի Տրենտինյանը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Պյոլան քաղաքում։ Հայրը մեծահարուստ ձեռնարկատեր է եղել, դերասանը երազել է ավտոմրցարշավորդ դառնալ, ինչպես իր պապը` Մորիս Տրենտինյանը, որը 1950-ականներին ավտոմոբիլային սպորտում հայտնի մարդ է եղել։
1949 թվականին Տրենտինյանը, որ այդ ժամանակ սովորում էր Էքս–ան–Պրովանս քաղաքի համալսարանի իրավաբանական բաժնում, ներկա է գտնվել Շառլ Դյուլենի բեմադրած Մոլիերի «Ժլատը» ներկայացմանը։ Այդ պիեսը նրա կյանքում շրջադարձային եղավ։ Նա թողեց համալսարանն ու որոշեց թատերական արվեստի դասերի հաճախել։
1951 թվականին Տրենտինյանն իր առաջին դերը խաղաց Ռայմոն Էրմանտյեի թատերախմբում` «Յուրաքանչյուրից՝ ըստ իր պահանջմունքների» պիեսում։ Այնուհետև Comédie de Saint-Étienne թատերախմբի հետ խաղաց Շեքսպիրի «Մաքբեթում», որից հետո ընդունվեց Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Թեև իր առաջին ֆիլմը նկարահանել է միայն 20 տարի անց։
1956 թվականին, մի քանի էպիզոդիկ դերից հետո, դերասանը խաղաց Քրիստիան–Ժակի «Եթե ամբողջ աշխարհի տղաները...» ֆիլմում։ Նույն թվականին Բրիջիտ Բարդոյի հետ միասին նրանք հայտնի դարձան Ռոժե Վադիմի` «Եվ Աստված ստեղծեց կնոջը» կինոնկարի շնորհիվ։
Դերասանի ամենահայտնի աշխատանքներից են «Տղամարդը և կինը», «Սեր», «Վազանց» ֆիլմերը։