ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի 5/1 հասցեում գտնվող շենքն արդեն 4 տարի որևէ նպատակի չի ծառայում։
Խնդրին լուծում տալու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշել է այն օտարել մրցույթով։ ԱԱԾ–ն էլ առաջարկել է վաճառքի դեպքում գումարի 50 տոկոսը հատկացնել կառույցի ծառայողների բնակապահովման խնդրի լուծման նպատակով։
Բանն այն է, որ տարիներ շարունակ Պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված բազմահարկ շենքը կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ հանձնվել էր Ազգային անվտանգության ծառայությանը՝ տարածքում բնակարաններ վերակառուցելու և ԱԱԾ աշխատակիցներին տրամադրելու նպատակով։
2.5 տարի անց` 2020թ–ի հուլիսին, կառավարությունը որոշեց վաճառել շենքն ու ԱԱԾ աշխատողներին տրամադրել գումար` բնակարանների գնման համար։ Բայց գնման հայտեր չեղան, ԱԱԾ զինծառայողներին բնակարանով ապահովելու հարցն էլ մնաց չլուծված։
Այսօր կառավարությունը նոր որոշում է ընդունել` Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնարարելով շենքն ու դրա զբաղեցրած հողամասն օտարել մրցույթով։
6832.2 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը գնահատվել է 2 592 490 000 դրամ։
Օտարման նոր որոշումը նախորդից տարբերվում է նրանով, որ ենթադրում է տարաժամկետ վճարման տարբերակ, այն է` 3 տարվա ընթացքում հավասարաչափ` մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը: