Շտապօգնության կանչերը կրկնակի են մուտքագրել` 23 միլիոն դրամ գրպանելով. քրգործ է հարուցվել

2005 կանչերի դեպքում շտապբուժօգնության իրավասու պաշտոնատար անձինք կանչի թերթիկները ճիշտ չեն լրացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Շտապօգնության կանչերի տվյալները կրկնակի մուտքագրել են «Արմեդ» համակարգ՝ ապօրինի ստանալով 23 միլիոն դրամ։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը` հավելելով, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Մասնավորապես, պետական վերահսկողության ծառայությունը շտապօգնությունում 2022թ. փետրվարի 21-ից մինչև ապրիլի 14-ը «Լոկատոր» և «Արմեդ» համակարգերի համադրման միջոցով իրականացրել է 2018-2021թթ. տնտեսվարողների հետ կնքված 36 պայմանագրերի հիմքով մատուցվող վճարովի ծառայությունների ընտրանքային ուսումնասիրություն:
Արդյունքում հայտնաբերվել է 2005 դեպք, երբ շտապբուժօգնության իրավասու պաշտոնատար անձինք կանչի թերթիկները ճիշտ չեն լրացրել: Այսինքն` արդեն իսկ վճարված կանչերի համար թերթիկները կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ՝ իբր պետպատվերի շրջանակներում իրականացվող ծառայություն: Դրա հիման վրա ԱՆ պետական առողջապահական գործակալությունը վճարել է 23 միլիոն դրամ։
ՀՀ գլխավոր դատախազությունում քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական անփութություն։ Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե: