ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Վարդապետյանն իր մասնագիտական որակներով և բարձր բարոյական, արժեքային հատկանիշներով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա գլխավոր դատախազը»,- ասաց Կոնջորյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե անաչառության հարց չի՞ առաջացնում նրա՝ վարչապետի օգնական լինելը, Կոնջորյանը պատասխանեց, թե Վարդապետյանը կուսակցական չէ։
Կոնջորյանը վստահ է` Վարդապետյանն ընտրվելուց հետո միանշանակ կատարելու է Սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործողությունները և Սահմանադրության, օրենսդրության և իր խղճի առջև մաքուր է լինելու:
Կոնջորյանը հավելեց, որ կարևոր է, որ ԱԺ-ում Վարդապետյանի ընտրությանը մասնակցեն բոլորը, այդ թվում՝ ընդդիմադիրները։
Լրագրողները հիշեցրին դեռ նախորդ տարի Վարդապետյանի մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած դեպքի մասին. մի տեսանյութ էր շրջանառվում, որում երևում է` Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերի նախաքննությանը, հանձնարարականներ տալիս Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով։ Կոնջորյանն ի պատասխան նշեց, թե Վարդապետյանը գործել է իր լիազորությունների տիրույթում։
Հավելենք, որ ԱԱԾ-ն մերժել էր վերոհիշյալ դեպքով քրգործ հարուցել։
Կոնջորյանը տեղեկացրեց, որ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնական առաջադրումը սկսվել է երեկվանից և ունի տասնօրյա ժամկետ։
Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։
Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի սեպտեմբերին։
Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։