ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկվում է ընդդիմադիր որոշ պատգամավորների` մանդատից զրկելու հարցը։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Մեր խմբակցությունում նման քննարկում կա, ինչը ծնվել է հանրային պահանջից։ Բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը, թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել։ Հիմա մեր խմբակցության տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` այս պահին որևէ որոշում չեն կայացրել, սակայն բոլոր հարցերը, որոնք ծնվում են հանրային պահանջից, քննարկվում են խմբակցությունում։ Հովհաննիսյանը հավելեց` քննարկվում է նաև վարչական պաշտոնների հարցը։
Քննարկվել է նաև ընդդիմադիրներին ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններից զրկելու հարցը։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 31-ին հայտնել էր` տրամադրված է ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով դիմել ԱԺ խորհրդին։