Փաշինյանը Բուրիչին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը սահմանագծման և խաղաղության օրակարգի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին
Փաշինյանը կարևորել է միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը նշել է, որ որպես ԵԽ անդամ երկիր Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորում է համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի կայացման գործընթացում:

Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքը և անդրադարձել է Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունը սերտորեն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ: Վարչապետը կարևորել է միջազգային հանրության և ԵԽ աջակցությունը խնդրի լուծմանը և շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին՝ հարցին բազմակի անդրադառնալու համար:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է՝ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը, և իր այցի նպատակն է առավել ամրապնդել այն: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները, որոնց ուղղությամբ Հայաստանը տեսանելի առաջընթաց է արձանագրում:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի: Քննարկման առարկա են դարձել արդարադատության ոլորտի բարեփոխման ընթացքն ու մարտահրավերները:
Վարչապետը նշել է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևորությունը, ԵԽ գլխավոր քարտուղարը վերահաստատել է ԵԽ խորհրդատվական աջակցությամբ գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը: Անդրադարձ է եղել նաև կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում խթանելու հարցին: Քննարկվել է ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: Ընդգծվել է երկխոսության կարևորությունը խաղաղության և բարգավաճման հասնելու ճանապարհին:
Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, խաղաղության օրակարգի շուրջ և կարևորել միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին:
Հայտնել էինք, որ հունիսի 16-17-ը Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունը։
Ապրիլի 4-5–ը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջանի մայրաքաղաք։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում քննարկվել էր Բաքվի և Երևանի միջև առկա իրավիճակը։ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպում էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նշենք, որ 2021թ-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ–Բուրիչը հաղորդագրություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող սահմանային միջադեպերի վերաբերյալ։
Բուրիչը հիշեցրել էր, որ ավելի քան 20 տարի առաջ ԵԽ-ին անդամակցելու ժամանակ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով։
Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը վերահաստատել էր ԵԽ լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում։